Անկարայում ԱՄՆ նոր դեսպան կլինի նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

ԱՄՆ

Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունն Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում։ Թուրքիայում ԱՄՆ գործող դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը մոտ օրերս կփոխանցի իր լիազորությունները Ֆլեյքին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունն առաջադրել է 2021թ․ հուլիսին, ինչից հետո՝ հոկտեմբերի 20-ին, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է նրա թեկնածությունը՝ վերջնական որոշումը թողնելով Սենատի Գլխավոր խորհրդին։

Ո՞վ է Ջեֆ Ֆլեյքը

Նա նախկին սենատոր է և 2013-2019թթ. ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում ներկայացրել է Արիզոնա նահանգը։ Իսկ 2001-2013 թվականներին եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ Անկարայում Ֆլեյքի պաշտոնավարումն համընկնելու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված շրջաններից մեկին։

ՆԱՏՕ-ում երկու դաշնակից պետություններն այժմ հակասություններ ունեն Սիրիայում, բացի այդ էլ Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում այն բանից հետո, երբ Թուրքիան ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր է գնել։ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները լարված են նաև Ջո Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառման առնչությամբ։

 --00—ՄՀ