Ոստիկանությունն իրականացրել է «Հանդերձյալ աշխարհում էլ լինես, քեզ կգտնենք» օպերացիան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

ոստիկանություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացվել է հատուկ օպերացիա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ այն կրել է «Հանդերձյալ աշխարհում էլ լինես, քեզ կգտնենք» անունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերատիվ տվյալները ստանալով՝ Արաբկիրի ոստիկանները մի քանի դրվագներ ճշտելուց հետո պարզել են, որ տեղեկությունները հավաստի են, որից հետո ո մեկնել են Զովունի գյուղի գերեզմաններ, որտեղ էլ իրականացրել են հատուկ օպերացիան։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված գերեզմանոցից ոստիկանները Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում հաշվառված 37-ամյա Արթուր Ասրյանին։ 

Վերջինիս մոտ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 1 հատ պահուստատուփ, որի մեջ եղել է 30 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ։ Ու եթե ոստիկանները պրոֆեսիոնալ ու օպերատիվ չգործեին, չէր բացառվում, որ Ա. Ասրյանը օգտագործեր ինքնաձիգը։ 

Հայտնաբերված ինքնաձիգն առգրավվել է, և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ասրյանը 2020 թվականի հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի  176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 176 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 185 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:

Նա 2020 թվականի դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Կրասնոդար քաղաքի ՆԳՎ Կառասունի շրջանի ոստիկանության բաժնի կողմից 105 հոդվածի 2-րդ մասի Ա կետի (սպանության փորձ) և 30 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։  Ա. Ասրյանը կասկածվում է 2020 թվականի մարտի 9-ին Երևանում՝ Հալաբյան փողոցում, հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիների և ևս 2 հոգու նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարելու մեջ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ասրյանի նկատմամբ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակում հրազենով կրակոցներ արձակելու և Երևան քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Տարոն Թամրազյանին, 31-ամյա Տիգրան Թամրազյանին, 38-ամյա Դավիթ Տոնոյանին և 54-ամյա Վարդան Փաշինյանին վնասվածքներ պատճառելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկությունենրով՝ Ա. Ասրյանը դեռ այս տարվա հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ՀՀ քր օր-ի 34-176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով), 34-177 հոդվածի 2-րդ մասի (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 185 հոդվածի 1-ին մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Ասրյանին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական մարմնին արդեն հայտնի էին դարձել որոշ մանրամասներ տեղի ունեցած կրակոցների փաստով, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չէինք հրապարակել: Հերքվել էր նաև հանցագործ աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբոր՝ Արտյոմ Կանևսկոյի մասնակցությունը նշված դեպքում:  

 --00—ՄՀ