«Ժողովրդավարական համախմբում»-ը նամակ է ուղղել վարչապետին՝ ակնկալելով հարցի լուծում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հասարակական

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է․

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ս․թ․օգոստոսի 9-ին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին՝ ակնկալելով ստանալ պարզաբանում Google (Google Maps) առցանց որոնողական հարթակում ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի՝ որպես առաջարկվող ուղղություն բացակայության պատճառների վերաբերյալ։

Ի պատասխան հարցման, օգոստոսի 18-ին կուսակցությունը ստացել էր գրություն առ այն, որ պետական գերատեսչությունները զբաղվում են խնդրո առարկայով։ Սակայն մինչ օրս խնդիրը լուծված չէ, այն դեպքում, երբ որոնողական այդ համակարգից ՀՀ տարածքով անցնող միջպետական ճանապարհի՝ որպես առաջարկվող ուղղություն փաստացի բացակայությունը ոչ միայն նվազեցնում է ՀՀ միջազգային հեղինակությունը, հետևաբար նաև դերն ու նշանակությունը, այլ նաև կարող է ունենալ ոչ հայանպաստ հետևանքներ։

Հաշվի առնելով վերոնշյալը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ՀՀ վարչապետին է ուղղել ևս մեկ նամակ՝ ակնկալելով վերջնական լուծում:

Հայտնում ենք, որ կուսակցությունը հետևողական է լինելու այս հարցում»:

Հասարակական

--0--ԿԿ

Տեսանյութեր