Վանոն՝ Անկախության կշռաչափը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար
Եվ ավելացրեց.

֊ Բայց դուք ինքներդ էլ գիտեք, որ մարգարեն իր ծննդավայրում պատիվ չունի։

Ղուկասի Ավետարան 4։24

 

Կա անմահություն երկրի վրա` մի կյանքի սահմաններում, կա տիեզերքում` բոլորիս համար, բայց հավերժության այդ խնջույքին մեզանից ոչ ոք անհատապես հրավիրված չէ:

Վանո Սիրադեղյան, «Ծանր Լույս»

 

Եվ այսպես, Վանոն դուրս ելավ այս երկրի հովտից և գնաց դեպի հավերժական կյանք, դեպի պատրաստած օթևանները... 

Գրելը այս մասին, որպես արդեն արձանագրված փաստի, շատ դժվար է, որովհետև եղածը անաընկալելի է, երևույթը` անընդունելի, կորուստը` անչափելի։

Բայց պարտավոր ենք և այսուհետ ավելի սիրով ու թափով, մարդկային երախտապարտությամբ և մասնագիտական լրջությամբ, քանի որ իրար հետ կապված մարդիկ, երբ կենսական ժամանակի եզրափակիչ սահմանով ժամանակավորապես բաժանվում են այս և այն աշխարհների միջև, կապը պահում են հոգևոր զրույցի միջոցով։

«Ես քեզ հետ եմ ու խոսում եմ քո մասին...»։ Եվ քանի որ չգիտենք, թե բանավոր խոսքը ուր է գնում կամ որտեղ է մնում՝ չսահմանափակվենք շրջապատի և ժամանակակիցների հիշողությունը լիցքավորելով և հույս չդնենք, որ մեզնից ստացած պատմությունները իրենք էլ ուրշներին կփոխանցեն ու անցնենք գրավոր ոճին, որովհետև և նախևառաջ գրելն էլ զրուցելու մի ճանապարհ է, և ինչպես ինքն էր ասում՝ գրելը մտածելու լավագույն ձևն է։

Իր կյանքը երեք հատված ունի՝ գրական, քաղաքական, տարագիր։

Առաջինը` փայլուն, երկրորդը` հզոր, վերջինը` խորհրդավոր։

Եթե մի բառով ասենք` ոչ ստանդարտ, երկու բառի դեպքում` մեծ, երեքի պարագայում` ողբերգական։

Ավելացնենք` անհաշտ, անզիջում, ըմբոստական։

Վանոյի մեջ չեխովյան մոտեցում կար` պարզության մեջ մանրամասն էր և «պռատ» բաներ չուներ։

Վանոյի մեջ ֆոլքներյան ներքին ուժ կար` արտաքին հանգստության կեղևի տակ բոցավառվածություն էր բոցկլտում։

Նրա տեսակը նմանություն չունի, որովհետև իր բացառիկ ինքնատիպության մեջ խիստ առանձնացվածություն է վայելում։

Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ եղածը չշտկվեց, որ վերջում կատարվածը ամոթալի անարդարության նողկալի դեմքով չդաջվեր։

Որպեսզի պատասխանը մակերեսային չնհչի, զերծ մնանք համաընդհանուր օրինակներից, որոնք հատուկ են բոլոր ժամանակներին և ժողովուրդներին, այդպիսով խուսափենք մեղավորներին ու պատասխանատուներին երբևիցե արդարանալու՝ նույնիսկ փոքր ինչ հնարավորություն թողնելուց։

Միայն թե ասենք` աքսիոմատիկ է, որ թույլերը չեն կարող չլինել վախկոտ, նշանակում է՝ դատապարտված են լինել ստոր։

Հետո հղում անենք հոդվածի հերոսի 00֊ական թվականներին ասված խոսքերին. «Պետական ռեպրեսիվ մեքենային լծվելու գործում հայ ժողովուրդը մյուս ժողովուրդներից առանձնապես չի տարբերվում, բայց սահմանափակ կենսատարածքում ապրելու պատճառով ստացվում է, որ անում է առանձնակի դաժանությամբ:

Եվ մեր կողմից էլ ավելացնենք` տոհմական տականքին ոչինչ չի շտկում, և պիղծը բուժում չի փնտրում երբեք։

Վանոն թագավորական արահետով էր ընթանում։

Նա Միակ էր և Մենակ էր։

Գիտակցված գալով գրականության անդաստանը՝ ինքն արդեն իսկ նախօրոք իր տեղը տեսել էր այդտեղ։ Գրում էր գրականության համար` գրվածը դառնում էր Ոսկե ֆոնդի հարստություն։ Արդեն վաղուց և այլևս միշտ հայ գրական աշխարհն ունի սիրադեղյանական շառավիղ` բարձր գրականություն, որը հռչակ, պատիվ և հեղինակություն է ավելացնում հայրենական գրականությանը, խոշորացնում է նրա ազդեցությունը, վանոյաբար ավելի հյութեղ դարձնում։

Վանոն մեր գրականությանը ապրեցնող լիցքեր հաղորդեց` իր արական հոգեբանությամբ, տղամարդկային ջիղով, բաց ներվով, նախշազարդ լեզվամտածելակերպով, սուր տեսողության դիտողականությամբ, ոսկեհյուս, ճոխ բառամթերքով, զարդաքանդակ նախադասություններով, մարդաբանական բարդ վերլուծությամբ, անհատակ խորությամբ, աֆորիզմիկ մտքերով։

Անմիջապես նկատեց ու արժանին մատուցեց Հրանտը (Մաթևոսյան)՝ տալով գրական աշխարհի վրա նոր բացվող  արևաշատ գրողին` «Գրականության արքայազնը» բարձրագույն կոչումը։

Տասնսմյակների մեջ աներևույթ խտացած Ազգայն Զարթոնքը 1988 թ. հրապարակ մտավ և իրեն բացահայտողներից էր Վանոն` սթափ, կշռադատված, ուղղորդող, ավանտյուրան մերժող, չնահանջող, խիզախ, Շարժման ալիքին միտք մատակարարող, զանգվածներին քաջության հոսանք տվող։

Վանոն պատմական ժամանակը և ազգային էսկալացիան միանգամից ընկալեց, զգաց, համազգային պատասխանատվությունից խույս չտվեց, կողքից ուսումնասիրողի կեցվածք չընդունեց, մարդկանց ու երկիրը շարժման մեջ դրած՝ Շարժման գլխին կանգնեց, «Ղարաբաղ կոմիտե» լեգիոնի տրիբուններից մեկը դարձավ` ամենավառը։

Այստեղ արտահայտվեց Վանոյի՝ խնդրո առարկայի շուրջ կենտրոնանալու, երկար մտածելու ու ճիշտ որոշման գալու ունակությունը։

Իր մեջ միտքն ու բնազդը ընդգծված զարգացած էին և չէին խանգարում, այլ հավասարակշռում էին միմյանց։ Այս միաձուլման արդյունքը բերում էր, ոչ քիչ դեպքում միակ, անսխալ եզրակացության, անվրեպ որոշման․ մի քանի քայլ առաջ էր գցում առաջընթացը։

«Ղարաբաղյան Շարժումը» և նրա քաղաքական հայր «Ղարաբաղ Կոմիտեն» հայոց պատմության մեջ անշրջելիորեն մնացել են որպես դասական իրատեսական քաղաքականության, հայ քաղաքական նոր մտքի ստեղծման, խորագետ, հասուն, ճկուն ու անվախ (ոչ արկածախնդիր) գործընթացի, չբեկվող հաջողությունների և վերջնական հաղթանակի` Անկախության հռչակման ու պետականության ստեղծման էտալոնները։ Նրանք նավը փոթորիկների միջով անվնաս հասցրին նավահանգիստ։ Այս մեծ Շարժումը ԽՍՀՄ֊ում ու նրա դեմ առաջինն էր և ամենաօրինակելին։

«Ղարաբաղ Կոմիտեն» և նրա իրավահաջորդ ՀՀՇ֊ն մեր պատմության մեջ միակ ուժն են, որ կազմակերպության հիմնադիր համագումարում առաջ բերված ծրագրի բոլոր կետերը իրականություն դարձրին։ Ոչ թե կարգախոսային տրամաբանությամբ, այլ իրագործելու առաքելությամբ։

Սա մեծագույն ու անգերազանցելի ոչ թե էջ, այլ պատմական հատոր և նվաճում է մեր ժողովրդի քաղաքական քրոնիկոնում։

Եվ այստեղ տեսնում ենք Վանոյին ճարտարապետ֊նավապետի լիդերության դիրքում։

Հետո Վազգենը (Սարգսյան) Վանոյի մասին կասի. «Շարժման Ասպետը»։

Պատերազմը ավելի շուտ սկսվեց, քան Անկախությունը հաստատվեց։

Հայաստանը գտնվում էր ավերիչ երկրաշարժի փլատակների խնդրի և հետևանքի տակ, երկիրը պահող կայսրությունը ճահճացել էր, ճաքերը ճռռում էին ու մահամերձ հոգևարքի մեջ էր Սովետը։

Հայաստանը օղակվեց շրջափակմամբ և ընկավ հարվածների տարափի տակ` ներքին ու արտաքին։

Ջախջախման ու կործանման հեռանկարները ամենականխատեսելի մտավարժանքներն էին` իհարկե, հատուկ, հատկապես սոցիալիստադեմ շրջանակներից դավադրաբար ներմուծվող։ Եղավ հակառակը․ հանրապետությունը ծանրագույն փորձությունից դուրս եկավ ոչ թե մազապուրծ, այլ` հաղթած, ոչ թե հայրենիք կոչվող հողամասում գոյություն քարշ տալու շպրտած թողտվությամբ, այլ ինչպես տարածաշրջանային ազդեցություն ունեցող ուժեղ պետություն, երկիր֊գործոն, մի բան, որից զրկված էինք՝ IV դարից սկսած, երբ բաժան-բաժան արվեց Արշակունիների արքայությունը և ապա վերացավ։

Եվ այստեղ պարադոքս կամ պատահականություն կամ էլ դրսի ուժերի որոշիչ միջամտություն չկար, կար իմաստուն, հավասարակշռված կառավարում, խիզախություն, ճիշտ դերաբաժանում և մինչև վերջ պայքարողի կամք։

Պետք է ասել, որ պատերազմում չեինք հաղթի և պետությունը չէր կայանա, եթե չլիներ Վանո Սիրադեղյանը ու իր իսկ նախաձեռնությամբ չստանձներ ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Այսպես մտածելու համար հիմքերը բավարարի սահմանն անցնում են։

Մինչև իր՝ նախարար դառնալը սովետահայ միլիցիան արդեն իսկ վարկաբեկված, դեֆորմացված, թույլ ու անուժ մի բան էր, որը, այդպես մնալու դեպքում պետությանը սպառնացող ոչ մի լուրջ արհավիրքի չէր կարողանալու նույնիսկ դիմադրություն ցուցաբերել։

Վանոն ստեղծեց Անկախ Հայաստանի ոստիկանությունը։

Նա հաշվի առավ բոլոր հանգամանքները, վերլուծեց պետական շահի և պետությանը սպառնացող ռիսկի գործոնները, կանխատեսեց գործողությունների ընթացքը, գտավ հաջողության հասնելու բանաձևը։

Վանոյին ենք պարտական, որ Հայաստանում հեղաշրջման և ահաբեկչության փորձերը և դրանց կրկնությունները ձախողվեցին, որ հանցաշխարհը ավելի կազմակերպված ու սանձարձակ տեսք չստացավ, և պետության ու հասարակության վրա ազդեցության հնարավորությունից զրկվեց, որ ժողովուրդը զերծ մնաց հանցագործի ոտնձգություններից։ Ոչնչացվեց ասֆալտի ֆիդայինների սեգմենտը։ Պետական, քաղաքական, հասարակական բոլոր սպառնալիքները բոլոր ուղղություններով չեզոքացվեցին։

Իրեն շատ արագ հաջողվեց երկրում կայունություն ու ներքին անվտանգություն հաստատել։

Թիկունքի ապահովությունը պատերազմում կռվող ուժերին հնարավորություն տվեց կոնսոլիդացվելու մարտական գործողությունների ուղղությամբ, և դեռ ՆԳՆ֊ի ուժերը մասնակցեցին մի շարք մարտերի ու լուրջ գործ արեցին Լաչինում։

Վանոյի գլխավորած ներքին գործերի նախարարությունը թիկունք կանգնեց կռվող զորամիավորումներին և բանակաշինությանը։

Պոստսովետում չկար ավելի խարիզմատիկ և հաջողած Ներքին Գործոց նախարար, քան Վանոն։

1990֊ներին Հայաստանը շահած դուրս եկավ, թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի հետ համեմատության հաշվեկշռում, և սա խոշոր հաղթանակ֊ձեռքբերում էր, որում Վանոյի դերաչափը անուրանալի մեծ է։

Հետո` 1997 թ. սեպտեմբերին, նախագահ Տեր֊Պետրոսյանը «Նովոյե Վրեմյա» շաբաթաթերթին տված հարցազրույցում կասի. «Այն, ինչ արեցին Վանո Սիրադեղյանը ՆԳՆ-ում, Վազգեն Սարգսյանը՝ բանակում, Հրանտ Բագրատյանը՝ կառավարությունում, և Բաբկեն Արարքցյանը՝ պառլամենտում, փրկեց մեզ։ Պետությունը դարձավ կառավարելի, և մենք հասկացանք, որ արդեն ամեն ինչ կարող ենք անել»։

Վերոնշյալ հարցազրույցից մեկ տարի անց Վանոն կփաստի, որ իր կյանքի ամենահետաքրքիր փուլը նախարար եղած շրջանն է եղել։

Վանոն ուղղակի ոստիկանության զուտ չինովնիկ֊կատարող֊պետ չէր, այլ քաղաքական գործիչ֊նախարար, որը զբաղվում էր ներքին կյանքով, այդ կյանքի բոլոր շերտերով։

Նա փիլիսոփայություն էր դնում աշխատանքի մեջ և հարցերը լուծում էր չորով` կտրուկ, կոշտ։

Եվ Ոսկեբերան Այդինը (Մորիկյան) Վազգենից հետո Վազգենի հետ սպիտակ թղթի հարթությունից խոսելու ժամանակ Վանոյի մասին կասի․ «Տան (Հայաստանի) Պատը»։

Վանո֊Վազգեն եղբայրությունը, Լևոն֊Վանո֊Վազգեն պետականաստեղծ ու հաղթանակակերտ եռանկյունին և 1998 թվականը․ ամեն մեկը առանձին մի նյութի պաշար են։

Ասենք, որ Տեր֊Պետրոսյանից մեկ օր շուտ հրաժարական ներկայացրած Վանոյին, թե՛ Վազգենը, թե՛ Սերժը համոզում էին մնալ, իսկ ավելի վաղ` 1997 թ. Դեկտեմբերին՝ Փարիզ մեկնելուց առաջ, միասին ուղևորվելու առաջարկ և շարունակելու ակնարկ արել էր Ռոբերտը։

Սակայն Վանոն հավատարիմ մնաց իր բնույթին, որի համար օտար էին իշխանական ինտրիգները, պալատական խարդավանքները, «պայքար՝ հանուն իշխանության» մոտեցումը և նման բաները (ասվածներից որևէ մեկը նաև չի վերաբերվում Վազգենին)։

Եվ իր սկզբունքային այս մոտեցումը մշտապես ցցուն արտահայտվել է։

Խոսքը այն մասին է, որ երկար ժամանակ` Լևոնից հետո, Վանոն ուներ իշխանական և քաղաքական ամենամեծ հեղինակությունն ու ազդեցությունը, և կարող էր ամեն ինչ անել ոչ միայն այս կարգավիճակը պահպանելու համար, այլև իրեն դրսևորեր, որպես Տեր֊Պետրոսյանի հաջորդ` բարձրանալով վարչապետի պաշտոնին (այս մասին կային խոսակցություններ, ավելի շուտ՝ պաշտոնաթող նախարարի շրջապատի սպասումների տեսքով), հետո` պրեզիդենտի աթոռին, բայց ինքը գտնում էր, որ պետք է օգնել ու պահել նախագահին և զբաղվել ստանձնած պատասխանատվությամբ։

Եվ երբ որ Վազգենը ասում էր «Վանոն Շարժման Ասպետն է», ապա շարունակում էր․ «Բայց երբեք Շարժման Ռոբեսպիերը չէ, Փառք Աստծու»։

ՊՆ ղեկավարի այս միտքը այն մասին էր, որ ՆԳ նախարարը դահիճ չէ, այսինքն՝ իր չափումների մեջ կարող է լինել դաժան` հաշվի առնելով պաշտոնն ու ժամանակը, իրավիճակները, բայց ոչ՝ մահապատժի մոլուցքից դրդված։

Եթե խորանանք տասնամյակներ առաջ ասված այս մտքի լայն իմաստի մեջ, իսկ Վազգենը արմատական խորություն ունեցող կերպար էր, ապա հիշենք, որ Անկաշառը (Ռոբեսպիերը) ինչպես ազատվեց իր զինակից ընկերներից և միայնակ ամրապնդվեց բարձրագույն իշխանության գագաթին, որտեղից էլ կարճ ժամանակ անց ուղղիղ ուղևորվեց դեպի էշաֆոտ, ուր նրան սպասում էր Դանտոնի ստվերը։

Վանոն կարծում էր, որ դեռ երկու տարվա գործ ունի անելու ՆԳՆ֊ում, որը ոչ միայն ոստիկանության բարելավման հետ էր կապված, այլև պետության ներքին կյանքի ապահովության ամրապնդման, բայց իրադարձությունները այլ հունով գնացին...։

Առաջին նախագահի հրաժարականից հետո Վանոն մնաց Լևոնի կողքին` պաշտպանելով Տեր֊Պետրոսյանի գիծը, բայց ամեն ինչ անում էր Վազգենին մենակ չթողնելու համար` տեսնելով, որ փորձ է արվում՝ նրան քաղաքականապես մեկուսացնելու։ Վազգենն էլ իր հերթին հոգատար էր Վանոյի նկատմամբ, առաջին հերթին՝ անվտանգության հարցում։

Ի դեպ, Վազգենը լավ տեսնում էր իր դեմ տարվող անտեսանելի պայքարը և ոչ միայն, բայց նաև դա էր Դեմիրճյանի հետ դաշինք կազմելու մոտիվներից մեկը, քայլ, որով Վազգենը բոլորին մատ արեց առանց շախի։

1999 թվականը ոչ թե հոդվածի, այլ առանձին մի գրքի ծավալուն աշխատանքի պաշար է իրենից ներկայացնում։

1998֊2000 թթ․ Հայաստանի կյանքում շատ հետաքրքիր տարիներ էին, որը մասնագիտական որոշ շրջանակների կողմից կոչվում է անցումային փուլ։

Այս շրջանում Վանոն իր համախոհներին բացատրում էր, որ դադարները պետք են ողջախոհությունը չկորցնելու համար, և աշխատում էր կառուցողական ընդդիմություն ստեղծելու շուրջ` համարելով, որ ուժեղ օպոզիցիան պետական անվտանգության խնդիր է և արտաքին ճնշման, հատկապես Ղարաբաղի հարցում, իշխանության ձախողման դեպքում, ճգնաժամի պարագայում կարող է գալ փոխարինման՝ այդպիսով պահպանելով հայաստանակենտրոնության ձևաչափը և կանխելով փլուզումը, ստանձնել երկրի կառավարումը` թույլ չտալով քաոսը։

Վանոյի դեմ քրեական գործի հարուցումը Անկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ էջն է։

Սկանդալայնության թոնրածխի մեջ չերևաց խնդրի լրջությունը։

Ընտրված թիրախը անձնավորում էր Անկախ Հայաստանն ու ինքնիշխան պետականության հաղթանակն ու ուժը։

Քաղաքական առումով անկախության դեմ արված առաջին քայլը սա էր` երկրորդը կլինի պետականության առումով` հոկտեմբերի 27֊ին։

Մակերեսում սա մատուցվում էր որպես արդարադատական և իրավական ակտ` խորքում ապամոնտաժվում էին ինքնիշխանության հիմնասյունները։

Վանոյի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է և Երրորդ Հանրապետության անճոռնիությունը։ Սակայն չէր լինի այնպես, ինչպես եղավ, և վստահություն կար, որ ամեն ինչ կուղվեր, եթե չսպանվեր Վազգենը։

Հոկտեմբերի 27֊ի դավադրությունից յոթ ամիս անց Վանոն հեռացավ Հայաստանից, փաստորեն, վերջնական, ցավալիորեն անվերադարձ։

Կորցրինք մենք, տուժեց պետությունը։

Ո՞վ շահեց։ Բոլոր նրանք, որոնց հետ Վանոն ընդհանուր հայրենիք չուներ (չունի), բոլոր նրանք, որոնց համար Անկախությունն ու պետականությունը բացարձակ արժեք չէին (չեն), բոլոր նրանք, որոնք քաղաքական մտածողությունից զուրկ էին (են), և հակապետական գործունեության մեջ էին (են)։

Բոլոր նրանք, ում պատմական շիրմաքարը Վանոն քաշեց իր մարգարեություններով ու վտարանդիության մեջ վախճանի փաստով։

Վանոն անհաշտ մնաց Հայաստանի վերացման նախաձեռնությանը և երբևիցե չգնաց կոմպրոմիսների, բանակցությունների, ամեն գնով իր վերադարձը ապահովելու պայմանավորվածություններին։

Մինչդեռ պայմանավորված կեղծ ընդդիմությունների և մոլեռանդ կլիենտների պակաս հիմա էլ չկա։

Նա գերադասեց առեքելական ուղին, ողբերգական միայնակությունը` արհամարհական հայացքով նայելով քաղաքական ծաղրածուների արժեզուրկ ու ծախված թափորին։

Վանոն մնաց իր սկզբունքային բարձրության վրա, Վանոն մնաց Վանո, Վանոն մնաց միայնակ։

Պատմության արդար դատարանը ամեն ինչ իր տեղն է դնում, և մեծությանը չհանդուրժող միջակությունները, պետությանը, ժողովրդին ու հասարկությանը իրենց մեծերից զրկողները, մոլորեցնողները և նրանց դեմ կեղծն ու սուտը քարոզողները իրենց հանգրվանը կգտնեն պատմության աղբանոցում։

Վազգենը ձեր մասին շիտակ ու լավ է ասել. «Դուք մեռոնին թույն կխառնեք»։

Եվ Վանոն` պետության ամենամիստիկ հիմնադիրը, անկախ տաղանդը, հզոր անհատը ու խորաթափանց մարգարեն մնում է մեզ հետ իր գործով, գրով ու խոսքով, բաներ, որոնք, առանձին վերցրած, մանրամասնորեն ստեղծագործած և ապրող ու ապրեցնող երևույթներն են, որոնց միաձուլված խտացումը Վանո ֆենոմենն է արտահայտում։ 

Դրամատիկ կյանք էր այս վառ անհատականության երկրային ուղին։

Հայաստանից դուրս իր ապրած կյանքի շրջանը դեռևս ծածկված է խորհրդավոր ծածկոցով, բայց վստահ եմ, որ իմանալու ենք, քանի որ ինքը մանրամասն տեսակ էր և թույլ չէր տա, որ նրան հատկացված ժամանակը անարժեք անցներ։

Եվ մեկ բան. Նրանք, ովքեր սկզբում արեցին հնարավորը, որ Վանոն ֆիզիկապես անջատվի Հայաստանից, ընթացքում չլուծեցին վերադարձի խնդիրը և վերջում էլ թողեցին այդպես կտրված, որ կյանքի ավարտը գտնի հայրենիքից դուրս, չգիտակցեցին՝ ինչ արեցին։

Նրանք Վանոյի ձեռքը դրեցին ամենաբարձր թագը` տառապյալի պսակը, որով նա ինքն իրեն թագադրեց` մնալով վերջին քսանմեկ տարվա հայկական ժամանակից դուրս, շրջան, որում սկսվեց ու թափ հավաքեց Անկախ Հայաստանի կործանումը, վախճանվեց պետականությունը։

Վանոն գրականության և քաղաքականության մեջ իր արժանի տեղը վաղուց է զբաղեցրել, և մյուսների խնդիրն է դա տեսնելն ու հասկանալը։

Նա ունի իր ժամանակը ժամանակաշրջանի մեջ և անջնջելի են իր հետքերը պատմության աշխարհում։

Վանոն չափման միավոր է։

Հ. Գ. «Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, և ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետև պատիժ չի հասնում անմեղին։ Ոչ ոք իր կամքով չի եկել, հետևաբար նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի։ Վերջին հաշվով, կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հյուլե առ հյուլե տրամաբանված տիեզերական գոյության այս ընթացքի մեջ անտրամաբանական այդ պահը չի կարող լինել։ Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետև չի կարող լինել վերջին պահի գիտակցումը։ Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետև դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետև ոչ ոք մինչև վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը։ «Պիտի որ չհավատա», - ցածրաձայն ասաց Մենակը»։

Աստված մեծ է, հիմա կտեսնես քեզ այն օրվա մեջ...

 

Նվիրվում է Վանո Սիրադեղյանի վեհ ու պայծառ հիշատակին։

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս

նկար

--00—ԼՄ