7 քրգործ՝ Սյունիքի մարզի նախկին համայնքապետների մասով․ 3 գործով դատավճիռ կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

սյուիք

Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա նախապատրաստված նյութերով մարզի բնակավայրերի վարչական տարածքներում  բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության, ենթավարձակալության հանձնելու գործընթացում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների փաստերով մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային ստորաբաժանումներում հարուցվել է ընդհանուր 25 քրեական գործ՝ մարզի ներկայիս խոշորացված համայնքների 22 բնակավայրերի (նախկինում համայնքների)վերաբերյալ: 

Ալեհավաք կայանների տեղադրման և շահագործման շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կամ լիազորությունների անցմամբ, օրենսդրության պահանջների խախտմամբ համայնքապատկան հողամասերն իրենց մերձավորների կամ ենթակաների օժանդակությամբ ենթավարձակալության հանձնելու, այդ կերպ իրենց ընտանիքների համար խոշոր չափերով շահույթներ ապահովելու և համայնքներին ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից զրկելու, հետագայում օրենսդրության պահաննջերի խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ բոլորն էլ նախկին համայնքների ղեկավարներ:  

Քրեական գործերով նախաքննության ընթացքում մի շարք նախկին համայնքների (մասնավորապես, ներկայիս Տաթև խոշորացված համայնքի Հարժիս, Սիսիան խոշորացված համայնքի Դարբաս, Բնունիս, Լոր, Թանահատ բնակավայրերի) ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության դեպքի բացակայության կամ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու, համաներում կիրառելու, կամ գործուն զղջալու հիմքերով: Իսկ Սիսիան խոշորացված համայնքի Աղիտու և Ախլաթյան բնակավայրերի (նախկին համայնքների) նախկին ղեկավարների դեպքում քրեական հետապնդում չի իրականացվել մահվան, Կապան համայնքի նախկին ղեկավարի դեպքում՝ հանցակազմի բացակայության հիմքերով:  

7 քրեական գործ 7 անձի, մասնավորապես Գորայք, Վաղատին, Նժդեհ, Շաքի, Արևիս, Սառնակունք և Բռնակոթ նախկին համայնքների ղեկավարների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 

Դրանցից 5-ով կայացվել են դատական ակտեր, որոնցից երեքով անձինք դատապարտվել են ազատազրկման՝ որոշակի ժամկետներով զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Նրանց նկատմամբ կիրառվել է համաներում: Իսկ երկուսի պարագայում դատարանում քրեական գործի վարույթը կարճվել է՝ մի դեպքում համաներման ակտ կիրառելու, մյուս դեպքում հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքերով:

Այն դեպքերում, երբ համայնքներին պատճառված վնասները չեն վերականգնվել կամ վերականգնվել են մասնակի, դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մարզի դատախազության կողմից համայնքների ներկայիս ղեկավարին նախագուշացվում է այդ նպատակով քաղաքացիական հայց հարուցելու անհրաժեշտության մասին։ 

Քննությունների արդյունքում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 95.5մլն ՀՀ դրամ: Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 41 մլն ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ: 

Համայնքներից 13-ի պարագայում լուծվել են հանցավոր գործարքների միջոցով կնքված վարձակալության և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության պայմանագրերը: Հողերի նպատակային նշանակությունը փոխելու պարագայում կիրականացվի համայնքների և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթաց, ինչով լիարժեք կվերականգնվեն մարզի բնակավայրերի, համայնքների խախտված իրավունքները:

--00—ԼՄ

Տեսանյութեր