Ընդհանուր ռազմավարության միջոցով մենք կարող ենք դիմակայել ցանկացած մարտահրավերի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

ԱԺ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են Կիպրոսի և Հայաստանի միջև կապերն ու համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը։ Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում Է cyprusMail-ը:

Սիմոնյանը գոհունակություն է հայտնել միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունից՝ ընդգծելով միջխորհրդարանական մակարդակով համագործակցությունը։

«Հայկական կողմն ամեն ինչ անելու է մեր երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության առավել խորացման համար՝ ի օգուտ երկու ժողովուրդների»,- նշել է նա:

Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում ինքը և Դեմետրիուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի հետ կապված հարցեր։

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհրդարանին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը միաձայն դատապարտելու համար: Նշվում է, որ նա նաև վերահաստատել է Հայաստանի ամբողջական աջակցությունը Կիպրոսի խնդրի խաղաղ լուծմանը: 

«Քանի որ Կիպրոսը և Հայաստանը երկուսն էլ Թուրքիայի անզիջողականության զոհն են, կենսականորեն կարևոր է, որ նրանք ավելի ամուր կապեր հաստատեն միջխորհրդարանական, միջազգային մակարդակներում»,- ասել է  Դեմետրիուն։

Նա նաև նշել է, որ Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև քննարկումներ կսկսվեն Սիմոնյանի Կիպրոս կատարած պաշտոնական այցի ավարտից հետո։

«Ընդհանուր ռազմավարության միջոցով մենք կարող ենք դիմակայել ցանկացած մարտահրավերի՝ մեծ թե փոքր, բայց նաև ամրապնդել մեր ձայնը եվրոպական և միջազգային հարցերի շուրջ, որպեսզի կարողանանք առաջ քաշել մեր ընդհանուր սկզբունքները»,- շեշտել է Դեմետրիուն։

--00—ՄՀ