Նոր աշխարհում ՀՀ-ի նման փոքր երկրների համար նոր հնարավորություններ են լինելու․ նախագահ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու և հետաքրքիր ու կարևոր քննարկումների համար: «Սա Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի ամփոփիչ հանդիպումն է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և իմ գործընկեր Թիերի Մալըրեին: Մենք հանդիպել ենք 1996-ին, երբ ես վարչապետ էի, իսկ Թիերին աշխատում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում: Այնուհետև մենք հանդիպեցինք Դավոսում՝ համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա աշխատում էր, և դրանից հետո լավ ընկերներ դարձանք: Երբ առաջին անգամ Շամոնիում մասնակցեցի «Մտքերի գագաթնաժողով»-ին, որի կազմակերպիչն է Թիերին, այն շատ հավանեցի: Մենք որոշեցինք Մտքերի գագաթնաժողով կազմակերպել նաև Շամոնիից դուրս՝ Հայաստանում: Եվ արդեն երրորդ անգամ այն իրականություն է դառնում»:

Խոսելով հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և դրա կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այն նախատեսվում է անցկացնել 2022 թվականի սեպտեմբերին: «Հաջորդ տարի, ինչպես գիտեք, միջոցառումը կազմակերպվելու է STARMUS փառատոնի հետ միասին: Մենք կհավաքվենք՝ հիշելով անցյալը, սակայն նայելով ապագային, հանրահռչակելով գիտությունը, տեխնոլոգիաները, մշակույթը, երաժշտությունը, գիտելիքը,- նշել է նախագահը: -Նոր աշխարհում նոր հնարավորություններ են լինելու Հայաստանի նման փոքր երկրների համար, ձեզ հետ միասին կկարողանանք մեր տեղը գտնել ապագայում»:

«Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հյուրընկալության և գագաթնաժողովում ունեցած ներդրման, «Մտքերի հայկական գագաթնաժողովը» բարձր մակարդակով անցկացնելուն ցուցաբերած մեծ աջակցության համար:

«Երբ սովորաբար եզրափակում ենք «Մտքերի գագաթնաժողովը», ցանկանում ենք վստահ լինել, որ դուք երեք բան ունեք՝ նոր ընկեր, նոր գաղափար և նոր ծրագիր: Մենք Դիլիջանից, Հայաստանից հեռանում ենք մեզ հետ տանելով նոր բարեկամներ, նոր գաղափարներ,- նշել է Թիերի Մալըրեն: -Հույս ունեմ, որ այս օրերի ընթացքում ծնված գաղափարներից առնվազն մի քանիսը շոշափելի արդյունքներ կգրանցեն, ինչը օգուտներ կբերի ձեր երկրին: Մենք անհամբեր կսպասենք չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

--00—ՄՀ

Տեսանյութեր