Սպասում ենք թուրքի պատասխանին․ Տեղի համայնքապետը՝ Կոռնիձորի բնակչի կենդանիները վերադարձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակական

Հոկտեմբերի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ նախօրեին ՄԻՊ աշխատակազմ է ներկայացվել ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ:

«Կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող քաղաքացին նկատել է, որ ադրբեջանական երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել և գալիս են դեպի իր կենդանիները, մոտենալուն պես կենդանիներին քշել-տարել են դեպի իրենց դիրքեր: Այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ադրբեջանական զինծառայողները հափշտակել են հենց նշված քանակի կենդանիներ, ստուգվել են մի քանի աղբյուրների տվյալներով», - ասվում էր գրառման մեջ։

24News-ի հետ զրույցում Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն ասաց, որ կենդանիների վերադարձի հարցով ռուս խաղաղապահներին տեղյակ են պահել և որ համայնքից կախված ամեն ինչ արված է այս հարցով։ «Սպասում ենք թուրքի պատասխանին։ Ռուս խաղաղապահներից ասել են, որ սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին՝ այո՞, թե՞ ոչ», - նշեց նա։

Համայնքապետի խոսքերով՝ Կոռնիձորի բնակիչն ինքն է անցել ադրբեջանական սահման, և ոչ թե ադրբեջանցիներն են մտել հայկական տարածք ու հափշտակել անասուններին։ «Բայց ինչ վերաբերում է գողանալուն, չեն կարող գողանալ։ Թուրքը չի մտել հայի տարածք, որ գողանա, այդպիսի բան չի եղել։ Սահմանից դուրս է եկել, մտել է իրենց սահման, սա է եղել։ Թուրքը չի մտել կոնկրետ Տեղ համայնք, այդպիսի բան չի եղել, չի կարող լինել։ Որտեղ մեր սահմանապահ զորքերը կանգնած են, չեն կարող անցնել այս կողմ։ Իրենք իրենց սահմանում են կանգնած, մեր սահմանապահները՝ մեր», - եզրափակեց Դավիթ Ղուլունցը։

--00--ԿԿ