Աղաջանյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում հետպատերազմյան դրությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

Աղաջանյան

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

«Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հաջողություններ եմ մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Խոսելով երկկողմ կապերից` կարեւորել եմ Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը` այս հարցում կարեւորել եմ խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ եւ արդյունավետ գործունեությունը:

Նշել եմ, որ Ազգային ժողովում շուտով կձեւավորվի հայ-իտալական բարեկամական խումբը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը եւս կարեւորել է հայ-իտալական հարաբերությունների զարգացումը, խորհրդարանական համագործակցության ակտիվացումը:

Ներկայացրել եմ տարածաշրջանում հետպատերազմյան իրադրությունը, ընդգծել, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս համատեքստում արժեւորել եմ Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Քննարկել ենք նաեւ տարբեր ոլորտներում հայ-իտալական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Ալֆոնսո Դի Ռիզոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` նպաստելու երկկողմ բարեկամական կապերի խորացմանն ու ամրապնդմանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աղաջանյանը։

--00--ԱԹ