Աթենք ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում չկան ընդդիմության ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

Աթենք

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հոկտեմբերի 21-22-ը Աթենքում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համագումարը, որին հրավիրված են մասնակցելու 47 անդամ երկրների եւ դիտորդի կարգավիճակով կազմակերպությունների ներկայացուցիչներ (ընդհանուր 62 երկրների խորհրդարաններ): Ստրասբուրգում կազմակերպելու փոխարեն այս տարվա համագումարն անցկացվում է Աթենքում` Հունաստանում 1821-ի հեղափոխության 200-ամյա հոբելյանի առթիվ:

Հայրենի մամուլից տեղեկացանք, որ համագումարին մասնակցելու նպատակով Աթենք է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 13 հոգանոց պատվիրակությունը:

Հայաստանի խորհրդարանը ներկայացնող բազմանդամ այս պատվիրակությունը պետք է մասնակցի համագումարին, ինչպես նաեւ ներկա պետք է գտնվի Հունական հեղափոխության 200-ամյակին նվիրված՝ Հունաստանի խորհրդարանում կազմակերպված ցուցահանդեսին:

Եվրոպական երկրներում հատուկ շեշտվող գաղափարները, ինչպիսին են խորհրդարանական ժողովրդավարության, արդար իրավական պետության ստեղծման եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության իմաստները, եվրոպական մեծ ընկերության խարիսխ են կազմում` նույն այս հանձնարարականներն ուղղելով ամբողջ աշխարհին:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարող է կազմված լինել 13 անդամներից, որոնց թվում, սակայն, ներառված չեն ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես պարտադիր է բոլոր երկրների պատվիրակությունների համար: Շռայլորեն կազմված՝  13 անդամներից պատվիրակությունը միակուսակցական է, որը հակասում է արդարությանը եւ ծառայում է մսխումին:

Հավատում ենք, թե համաեվրոպական հասկացողության մեջ ժողովրդավարության սկզբունքի հանդեպ զգայուն եւ արդար մոտեցումը պարտավորեցնող պետք է լինի ՀՀ ԱԺ պատվիրակության բաղկացուցիչ տարրին»:

 --00—ՄՀ