Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ-Լեհաստան համագործակցությունն օգտակար կլինի

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

ՄՊՀ

Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ իրականացվող «Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել երկրորդ պատվիրակությունը: Այցի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում «Մրցակցության պաշտպանության գործում հասարակական կազմակերպությունների դերի գնահատում. սպառողներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով համապատասխան կառույցների կարողությունների ուժեղացում» թեմայով: 

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի աշխատակազմին և անձամբ նախագահ Թոմաս Քրոսթնիին ծրագրի իրականացմանն աջակցելու և այդ նպատակով ներդրված ջանքերի համար: ՄՊՀ նախագահը նշել է, որ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում Լեհաստանի մրցակցային մարմինը հարուստ փորձ ունի, և համագործակցությունն օգտակար կլինի և կնպաստի ՄՊՀ մասնագետների գիտելիքների կատարելագործմանը:

Քննարկմանը ներկա են գտնվել նաև հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը, Շուշան Սարգսյանը, ինչպես նաև հանձնաժողովի աշխատակիցներ:

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում:

 --00—ՄՀ