ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24 News
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել, որով Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը: Այս հոդվածը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
ՄԻԵԴ-ը այս որոշմամբ բավարարել է Վեդաթ Շորլիի դիմումը, որը 2017թ. Facebook-ում տարածած լուսանկարի և ծաղրանկարի պատճառով դատապարտվել էր 11 ամիս 20 օրվա պայմանական ազատազրկման:
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվել է, որ Շորլիի կալանավորումը, ապա նաև ազատազրկման դատավճիռը խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է խոսքի ազատության իրավունքին: Նշվել է, որ այս կոնվենցիայի ոգուն հակառակ է նաև Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածը, որը նախագահի անձին ավելի բարձր պաշտպանվածություն է ապահովում, քան մյուսներին:
Եվրոպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է որպես բարոյական փոխհատուցում Շորլիին 7500 եվրո վճարել:
--00--ԱԹ