Հայկ Կոնջորյանը ՄԹ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների անհապաղ վերադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակական

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:

Հայկ Կոնջորյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերը, դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Խմբակցության ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցին:

Նշվել է, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար:

Կարևորվել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը: Հայկ Կոնջորյանը վերահաստատել է ՀՀ իշխանությունների հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում, ինչի ամենավառ ապացույցը 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին:

Ջոն Պատրիկ Գալագերը, իր հերթին, կարևորել է երկարաժամկետ խաղաղության հաստատման հարցը, ինչպես նաև շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման կարևորությունը:

Դեսպանը հայտնել է Միացյալ Թագավորությունների պատրաստակամությունը՝  նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու զարգացմանը:

--00--ԿԿ