Ադրբեջանը մինչ օրս պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:

Նախարար Միրզոյանն ու դեսպան Էհնբերգը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջև հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ և վստահություն հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵԽ կողմից տրամադրվող աջակցության հիմնարար դերը: Այս համատեքստում կարևորվել է ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչումը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրերից ԵԽ տարբեր մարմինների կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը։ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ տեղում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է:

--00--ԿԿ

Տեսանյութեր