ՏԻՄ ընտրություններում ի՞նչ խախտումներ են գրանցվել․ ամփոփում է «Ականատես»-ը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

տիմ

«Ականատես» դիտորդական խումբը տեղեկանք է հրապարակել 2021 թ․ հոկտեմբերի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ․

2021 թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության 9 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Վեց համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեկում` մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի, իսկ երկուսում՝ միաժամանակ՝ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

«Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել բոլոր 6 համայնքներում, որտեղ ընթացել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ.

Նախընտրական քարոզչություն

2021 թ․ հոկտեմբերի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին և տևել է մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 24։00-ը։

Քարոզչության նպատակով նախընտրական հիմնադրամներ բացել են դիտարկվ ած համայնքների բոլոր կուսակցություններն ու դաշինքները․

Ընտրություններին մասնակցել են հետևյալ քաղաքական ուժերն՝ ըստ համայնքների.

Գյումրի

«Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինք («Ժառանգություն» կուսակցություն և Ռամկավար ազատական կուսակցություն)

«Արժանապատիվ ուղի» կուսակցություն

Հայաստանի հանրապետական կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

«Գյումրին կռնա՛» կուսակցություննների դաշինք («Հայք» (Հայկազուններ) կուսակցություն և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն)

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն

«Թասիբով» կուսակցությունների դաշինք («Համերաշխություն» կուսակցություն և «Ազատություն» կուսակցություն)

«Ապրելու երկիր» կուսակցություն

Գորիս

«Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինք («Վերածնվող Հայաստան» կուսակցություն և «Ազգային օրակարգ» կուսակցություն)

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Տեղ

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Տաթև

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Մեղրի

Ազատական կուսակցություն

«Ապրելու Երկիր» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Դիլիջան

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Ընտրական շտաբներ

Ընտրական շտաբներից տեղեկատվության ստացման մասով որևէ խնդիր չի արձանագրվել, բացառությամբ Գյումրիի, որտեղ «Զարթոնք» ազգայնական քրիստոնեական կուսակցությունը հրաժարվել է դիտորդի հետ խոսել և տեղեկություններ տրամադրել քարոզչության ընթացքի մասին:

Նախընտրական ժամանակահատվածի գործընթացները դիտարկելու նպատակով «Ականատես»-ը ներգրավել է 4 երկարաժամկետ դիտորդ, որոնք ուսումնասիրել են ընտրությունների վարչարարությունը, գործողությունների համապատասխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամանակացույցին, քաղաքական ուժերի և նրանց շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը և ընդհանուր մթնոլորտը: Դիտորդները տեղերում աշխատել են ընտրական հանձնաժողովների, թեկնածուների հետ: Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Անուղղակիորեն ստացված տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ դրանք հնարավորինս ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:

Նախընտրական շրջանի դիտարկման ընթացքում դիտորդներն իրականացրել են՝

11 նիստի դիտարկում թիվ 31, 34, 35 և 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում,

4 քվեարկության նախապատրաստման նիստի դիտարկում թվով 4 տեղամասային ընտրական հանձնաժողովներում,

6 հանդիպում համայնքապետարանի ներկայացուցիչների հետ,

36 այց կուսակցությունների (դաշինքների) շտաբներ,

33 նախընտրական միջոցառումների դիտարկում։

Քվեարկության օրն «Ականատես»-ը դիտորդություն է իրականացրել վերոնշյալ 6 համայնքի 74 տեղամասում՝ ներգրավելով 145 դիտորդ։ Բացի տեղամասերում տեղակայված դիտորդներից, գործել է շրջիկ դիտորդների 4 խումբ։

Դիտարկման արդյունքներ

«Ականատես» դիտորդական առաքելության կողմից նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրն իրականացված դիտարկման արդյունքները ներկայացվում են ստորև:

Նախընտրական ժամանակահատված

Ընտրական հանձնաժողովների աշխատանք

Տարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում գործել են համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների և ընթացակարգերի:

Դիտարկված 4 տարածքային ընտրական հանձնաժողովներում գրանցվել է 27 ընտրական ցուցակ, որոնցից 23-ը՝ կուսակցությունների, իսկ 4-ը՝ կուսակցությունների դաշինքների (բաղկացած՝ 2-ական կուսակցություններից) ցուցակներ (ընդամենը՝ 17 քաղաքական ուժ)։ Կուսակցություններից մեկի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի գրանցումը Գորիսում մերժվել է, քանի որ նրա ցուցակում, օրենքի պահանջի համաձայն, ներառված չեն եղել թեկնածուներ  համայնքի կազմում գտնվող բնակավայրերի առնվազն կեսից։

Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքի դիտարկման գործընթացում դիտորդի իրավունքների խոչընդոտման դեպքեր չեն եղել:

Հաշվետու շրջանում ընդամենը մեկ դիմում-բողոք է ներկայացվել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողով, որով «Մարդու իրավունքների պաշտպան» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտնել է չսահմանված վայրերում փակցված պաստառների մասին։  Խախտումների վերացման նպատակով տարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է իրավասու մարմիններին նման խախտումները կանխելու նպատակով։

Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների թափանցիկությունը շարունակում է մնալ խնդրահարույց, քանի որ դրանց դիտարկման համար դիտորդները ստիպված են եղել ֆիզիկապես այցելել հանձնաժողովների գրասենյակներ և տեղում ծանոթանալ առկա փաստաթղթերին, քանի որ դրանք տեղադրված չեն ԿԸՀ կայքում, և տարածքային ընտրական հանձնաժողովները դրանք չեն տրամադրում էլեկտրոնային փոստի միջոցով։

Մանրամասները՝ հղումով։

--00—ՄՀ

Տեսանյութեր