Ե՞րբ և ո՞ր դեպքերում է վերահաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

կեսն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, թե երբ և որ դեպքերում է վերահաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը։

Աշխատանքային կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է, եթե՝

•        փոփոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը։ Այս պարագայում կենսաթոշակի վերահաշվարկման համար դիմում չի ներկայացվում և կենսաթոշակը վերահաշվարկվում է ինքնաշխատ եղանակով՝ տվյալ ամսվա 1-ից,

•        կենսաթոշակ նշանակելուց կամ կենսաթոշակը վերահաշվարկելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց կամ կենսաթոշակը վերահաշվարկելուց հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում․ կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այն ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից։

Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև այն դեպքում, երբ կենսաթոշակառուն՝ մինչև կենսաթոշակի նշանակումն ընկած ժամանակահատվածում իրականացրած այլ գործունեության վերաբերյալ ներկայացրել է լրացուցիչ փաստաթղթեր։ Այս պարագայում վերահաշվարկն իրականացվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից։

Աշխատանքային կենսաթոշակի վերահաշվարկի իրավունք ունի հաշմանդամության կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուն (մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը), եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ։ Այս դեպքում կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է  դիմումն ու տվյալ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Աշխատանքային կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում․ կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է ծնողի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Կենսաթոշակի վերահաշվարկվում է նաև այն դեպքում, երբ կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը, կամ կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ (տեղեկատվություն), որը հաշվի առնելու դեպքում ավելանում է կենսաթոշակի չափը:

--00—ԼՄ