Երևանում ռուսական համարանիշներով «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

111

Հոկտեմբերի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմանում Լևոն Պողոսյանը՝ իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղա հետիոտնի, գրում է shamshyan.com-ը:   

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց:   

Դեպքի վայրում սահմանազատել և տեղում ծառայություն են կատարել պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Գագիկ Հարությունյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն դեպքի վայրում:  

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

--00—ԼՄ