Տավուշի մարզում 3 օր որպես անհետ որոնվողի դին ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել է 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

․

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։

Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս են բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հետք, ինչի համար էլ փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Բերդի բաժին էր դիմել Այգեձոր գյուղի բնակիչ՝ 86-ամյա Սարգիս Սուլյանը, ով հայտնել էր, որ եղբայրը՝ Խ. Սուլյյանը, հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ի սահմաններում իր ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Դիակի հայտնաբերման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «06»-ը, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

--00--