Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել մարդիկ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հայաստանի կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան»: Այս մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին, որին մասնակցել են նաև ԱՊՀ երկրների առաջնորդները, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ:

Այնուամենայնիվ, կան բազմաթիվ գործոններ, որոնք կասկածի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը: Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել մարդիկ: Այս առումով, ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանն հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները: Թշնամանքի և ատելության հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրեական: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի: Եվ այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք և կանենք հնարավորը՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես հասնել այս նպատակին:

Երկխոսությունը և, ցավոք, մեր տարածաշրջանում գոյություն ունեցող թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը, մեր կարծիքով, կարող է հասցնել այս նպատակին: Այս համատեքստում, շատ կարևոր է կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք աշխատում ենք բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ և հույս ունենք մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների: Սա նշանակում է, որ Հայաստանը կստանա երկաթգծային և ավտոմոբիլային կապի ճանապարհ Ռուսաստանի հետ և երկաթուղային կապ Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ երկաթգծային և ավտոմոբիլային կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի տարածքով:

Շատ կարևոր է նշել, որ մենք աջակցում ենք տրանսպորտային հաղորդակցության բացման այն սցենարները, որոնք կդառնան ոչ թե մեկուսացման և թշնամանքի, այլ խաղաղության հաստատման խորհրդանիշներ և միջոցներ»:

--00--ԱԹ

Տեսանյութեր