«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 20 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը և 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Արթուր Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Դատարանի որոշմանն ամբողջությամբ չենք ծանոթացել, մինչև լուսադեմ 5:00-ն աշխատել ենք, որ հնարավորինս շուտ Արթուր Սարգսյանը հայտնվի ազատության մեջ: Ամեն դեպքում, դատարանը անդրադարձել է Արթուր Սարգսյանի կողմից գործին խոչընդոտելու ռիսկերին և գտել, որ էականորեն ռիսկեր չկան, ինչը և տրամաբանական է, քանի որ անձը ինչի համար պետք է խոչընդոտի: Մենք իրավական ընթացակարգով ցանկանում ենք հասնել մեր պաշտպանյալի արդարացմանը»,-նշեց նա:

Անդրադառնալով սահմանված գրավի չափին, փաստաբանը նշեց.

«Օրենսդրությամբ նվազագույն շեմը որոշված է, բայց առավելագույնը նշված չէ: Իհարկե, բարձր գումար է, բայց շատ բարձր չէ: Արթուր Սարգսյանի հարազատների և ընկերների միջոցով հնարավոր եղավ այդ գումարը վճարել, որովհետև պարոն Սարգսյանը այդքան մեծ գումար չուներ»:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սիսիանի արդեն նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

--00--ԿԿ