«Ադրբեջանական ճանապարհները» և վտանգված հայկական մշակութային ժառանգությունը. monumentwatch

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

ԱԻՆ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանն Արցախի գրավյալ տարածքներում սկսեց իրականացնել ճանապարհաշինարարական երկու խոշոր նախագիծ, որոնց նպատակը Շուշի տանող մայրուղիների և ենթակառուցվածքների ստեղծումն է:

Ճանապարհներից առաջինը ադրբեջանական կողմի համար ունի նաև գաղափարաբանական իմաստ. պատահական չէ, որ այն կոչվել է «Հաղթանակի ճանապարհ», քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, կրկնում է այն ճանապարհը, որը ադրբեջանական զորքը, հատուկ ջոկատայինները հարթել են Շուշին «ազատագրելու» համար: Ճանապարհին այս անվանումը տրվել է Իլհամ Ալիևի կողմից, իսկ հիմնարկեքը կատարվել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին: Այն լինելու է Բաքուն Շուշիին ուղիղ կապող նոր ճանապարհ, որը, ինչպես նշում է ադրբեջանական կողմը, շրջանցելու է ռուսական խաղաղապահների և հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքները (lenta.ru):

Համաձայն ադրբեջանական լրատվական կայքերի տարածած տեղեկատվության՝ «Հաղթանակի ճանապարհը» պետք է միավորի Ֆիզուլիի շրջանը Ֆիզուլի շրջկենտրոնով Շուշի քաղաքի հետ։ Նրա երկարությունը կազմելու է  101,5 կմ: Այն անցնելու է 20 բնակավայրով, այդ թվում՝ Տող, Մեծ Թաղեր, Ավետարանոց, Սղնախ, Քարին տակ բնակավայրերը, որոնց անվանումները ուղղակի հիշատակվում են ճանապարհի մասին լրատվական տեսանյութերում:

Այս ճանապարհի կառուցմանը զուգահեռ ադրբեջանական կողմը կատարում է նաև Ֆիզուլի-Շուշի մեկ այլ մեծ ճանապարհի շինարարություն, որը որոշ տեղերում խաչվելու է «Հաղթանակի ճանապարհին»: Առաջին ճանապարհն ունենալու է երթևեկելի երկու գոտի, իսկ երկրորդը՝ վեց գոտի: Ճանապարհների շինարարությունը կատարում են ադրբեջանական և թուրքական ճանապարհաշինարարական ընկերություններ, որոնցից ադրբեջանականները գործում են պետական մարմիններին առընթեր, իսկ թուրքականներն ունեն բարդ ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու մեծ փորձ: Այդպիսիններից են Azvirt,  «KOLİN» İnşaat Turizm San. և այլ կազմակերպությունները:

Ճանապարհաշինարարական այս երկու նախագծերը մեծ վտանգ են պարունակում Արցախի գրավյալ տարածքների հուշարձանների համար, քանի որ ադրբեջանական կողմը կատարում է ահռելի հողային և մասնավորապես շրջակա լանդշաֆտի, ռելիեֆի  փոփոխմանը միտված աշխատանքներ՝ ելնելով կառուցվելիք ճանապարհների նախագծերից: Մասնավորապես հատվում են մեծ թվով ծառեր, կատարվում են հարթեցման, լայնացման մեծածավալ աշխատանքներ, պայթեցումներ, քանդվում են ճանապարհին խոչընդոտ բոլոր շինությունները, կառույցները կամ էլ վտանգ է ստեղծվում դրանց համար: Այստեղ պետք է նշել, որ նման վտանգի տակ են բոլոր հուշարձանները, որոնց շուրջ կամ մոտ ադրբեջանական կողմը կատարում է ճանապարհաշինարարական կամ այլ բնույթի աշխատանքներ:

Նման կերպ վտնագված է Մոշխմհատ գյուղից ոչ հեռու գտնվող Թուխնակալ ապարանքը, Հեղինեի Քույր սրբատեղին, Մադաթաշեն գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին, գերեզմանատունը և Ավետարանոց գյուղի կամուրջը (Ավետարանոցի հին կամուրջ - Monument Watch)։ Մեծ թաղեր գյուղի մոտ՝ Իշխանագետ գետի վրա կառուցված  Տահիսի կամուրջը և այլն: Ավերվել է նաև Ազոխ գյուղի  հայրենական մեծ պատերազմում զոհվածների, ցեղասպանության զոհերի և արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրը։

Սղնախ գյուղի հատվածում կառուցվում են ստորգետնյա մեծ թունելներ: Ճանապարհա-շինարարական այդպիսի «խոչընդոտի» վերացման թարմ արդյունք է Սղնախ գյուղի գերեզմանոցի ավերումը։ Ոչնչացվել և հարթեցվել են  Մեծ Թաղեր գյուղի հյուսիս-արևմտյան մեծ գերեզմանատան և «Մակուն» Կամուրջի տարածքները։

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների առաջինը շահագործման կհանձնվի «Հաղթանակի ճանապարհը», դա տեղի կունենա աշնանը:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ի  արձագանքը՝ սկզնազբյուր կայքում։

 --00—ՄՀ