Կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ խաղաղության հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Սանկտ Պետերբուրգում է՝ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստի շրջանակում՝ անդրադառնալով կանանց դերին հակամարտությունների հաղթահարման գործում և խաղաղության հաստատման ճանապարհին:

Նա իր ելույթում հրատապ է համարել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինուժի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը, խոսել է Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին:

Վարչապետի տիկինն ընդգծել է՝ Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտն աստիճանական հաղթահարելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով, նաև շեշտել՝ կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ խաղաղության հասնելու համար:

«Կարծում եմ, որ այսօր արդիական է համապատասխան հարթակի ինստիտուցիոնալացման գաղափարը, որի միջոցով մենք՝ Եվրասիական տարածքի երկրների կանայք, կկարողանանք արտահայտել մեր կարծիքը խաղաղության և անվտանգության, մեր հասարակություններում կանանց դերի, նրանց տնտեսական և քաղաքական ներուժի լիարժեք իրացման համար», - նշել է Աննա Հակոբյանը:

Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցում է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մասնակիցների թվում են նաև կին խորհրդարանականներ, իշխանության գործադիր մարմինների, միջազգային կազմակերպությունների, գլոբալ կորպորացիաների, գործարար շրջանակների, գիտական հանրության, հասարակական կազմակերպությունների և բարեգործական նախագծերի ներկայացուցիչներ, կանանց միջազգային շարժման հեղինակավոր գործիչներ:

Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը:

Համաժողովին հաջորդել է տիկին Հակոբյանի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը, որի ընթացքում կարևորվել է կանանց դերը խաղաղության հաստատման եւ ամրապնդման գործում, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

--00--ԱՀ

Տեսանյութեր