Պայմանավորվածություն ենք ձեռք բերել քննարկումներ ունենալ համագործակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը գրում է․

«Ընդունել եմ ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

Հանդիպման սկզբում երկուստեք բարձր է գնահատվել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման կարեւորությունը:

Դեսպան Սվենսոնը հույս է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքները կարեւոր ներդրում կդառնան հայ-շվեդական փոխգործակցության ընդլայնման գործում:

Անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը եւ ընդլայնմանը: Քննարկել ենք միջկառավարական, միջխորհրդարանական շփումների ակտիվացմանն առնչվող հարցեր:

Ես և պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել ենք, որ օրենսդիր մարմինների համագործակցության համատեքստում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը:

Նշել եմ, որ ԱԺ 8-րդ գումարման բարեկամական խմբերը գտնվում են ձեւավորման փուլում եւ շուտով կտրվի նաեւ աշխատանքների ընթացքը:

Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը գոհունակություն է հայտնել դեսպանին նախորդ գումարման ընթացքում համատեղ աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ կարեւորել է հետագա համագործակցությունը՝ արդեն հանձնաժողովի կազմում տարվող աշխատանքների շրջանակներում: Հիշեցնեմ, որ պատգամավորը ղեկավարել է խորհրդարանական հայ-շվեդական բարեկամական խումբը:

Հաջորդիվ քննարկել ենք հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցեր:

Ներկայացրել եմ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել եմ կողմերի միջեւ գերիների փոխանակման հարցին: Նշել եմ, որ Ադրբեջանը, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ ոտնահարելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Այս համատեքստում կարեւորել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մի շարք միջազգային կառույցների եւ գործընկերների ջանքերը՝ ուղղված եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին:

Ընդգծել ենք Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կարեւորությունը եւ այս տիրույթում Շվեդիայի կառավարության Հայաստանին ցուցաբերած ֆինանսական աջակցությունը: Կարեւորել ենք ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը՝ ուղղված Ազգային ժողովի դերի բարձրացմանը եւ աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:

Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ Շվեդիան արժեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ենք ձեռք բերել քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցության բովանդակության եւ փոխադարձ հետաքրքրությունների հստակեցման վերաբերյալ»:

--00--ԱՀ