Չեխիայում հակահամաճարակային իրավիճակը բարելավվել է. հանդիպում ՀՀ ԱՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ԱՆ

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ընդունել է Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակներում Չեխիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում էին Չեխիայի առևտրի և արյունաբերության փոխնախարար Մարտինա Տոբերովան, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին, բժշկական սարքավորումների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կողմերը քննարկել են COVID-19 համավարակի դեմ պայքարի, բժշկական ապահովագրության, բժշկական զբոսաշրջության և հանրային առողջության զարգացման ոլորտներում երկու երկրի ծրագրերը: Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է Չեխիայում կորոնավիրուսային հիվանդության բուժման և պատվաստումային գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով:

Հյուրերը նշել են, որ COVID-19-ն իր ազդեցությունն է ունեցել երկրի առողջապահական համակարգի կարողությունների վրա: Անդրադառնալով պատվաստումային գործընթացին` Չեխիայի առևտրի և արյունաբերության փոխնախարար Մարտինա Տոբերովան հայտնել է, որ Չեխիայում հակահամաճարակային իրավիճակը բարելավվել է` շնորհիվ պատվաստումային գործընթացի ակտիվացման: Փոխնախարարը հավելել է, որ Չեխիայում պատվաստված է բնակչության 56%-ից ավելին և, չնայած Չեխիայում ևս կան հակապատվաստումային որոշակի տրամադրություններ, դրանց ազդեցությունն աննշան է, իսկ բնակչության մեծ մասը կարևորում է պատվաստումների դերը համավարակի հաղթահարման հարցում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել, այդ թվում` փորձի, գիտելիքների և մասնագետների փոխանակման հնարավորությունների շուրջ:

--00--ԱԹ