Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կանոնադրական կապիտալը կավելանա

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

կապիտալ

Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվեց եւ ընդունվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին որոշումը։ Այս որոշման արդյունքում հատկացվելիք գումարը նպատակաուղղվելու է ս.թ. հուլիսի 14-ին Էյր Արաբիա ընկերության հետ ստորագրված հուշագրի արդյունքում ազգային ավիափոխադրող ընկերության ստեղծմանը։

Ձեզ ենք տրամադրում ՀՀ նիստում ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի ելույթը։

«Այս որոշումը կյանքի է կոչում ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին ՀՀ կառավարության դեռ որոշ ժամանակ առաջ տրված խոստումը։ 

Կարեւորում ենք այն հանգամանքը, որ գործարքը իրականացրել ենք հաշվարկի, պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում եւ ստացել ենք առավելագույնս կենսունակ մոդել։ 

Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը։ Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն՝ որն է Էյր Արաբիա ընկերության մոդելի մոտ 20 տարվա դրական փորձը։ Սա, կարծում եմ, առաջին անգամ մեզ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող։ 

Այս մոդելը առավել կենսունակ է, քանի որ իր հետ բերում է փորձարկված, հաջողված մոդել, պրոֆեսիոնալ կառավարում եւ երկարաժամկետ ռազմավարություն մշակելու փորձ։ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաեւ ներդրումային մրցունակության տեսանկյունից մեծ նշանակություն ունի։ Նման գործընկերոջ հետ համատեղ հաջողված ծրագիրը ավիափոխադրության ոլորտի նման բարդ ոլորտում, ծառայելու է նաև մի քանի այլ վերափոխման մեգանպատակների, մասնավորապես՝ նպաստելու է Հայաստանը գործարարների համար գրավիչ, ներդրումների համար ապահով երկիր դարձնելուն եւ Հայաստանը՝ հուսալի եւ ցանկալի գործընկեր ընկալվելուն։ 

Ընկերությունը շոշափելի է դարձնելու բազմիցս բարձրաձայնված մի քանի այլ թիրախային նպատակներ, մասնավորապես՝ Հայաստանը աշխարհի հետ կապելու, ճանաչելի դարձնելու, սփյուռքի համար հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ։ 

Ուզում եմ սակայն ընդգծել, որ սա նախ եւ առաջ կարեւոր քայլ է տնտեսության համար։ Ցանկացած բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է։ Ընկերությունը չի ունենալու ոչ մի պետական արտոնություն։ 

Այսպիսով, գործի ենք դնում մեզ համար առաջնային թիրախների իրականացումը, այն է՝ մրցունակ, շահութաբեր, երկարաժամկետ կտրվածքում կենսունակ ընկերություն ստեղծելը, որը կլինի պետության համար եկամուտի աղբյուր, կստեղծի աշխատատեղեր, կընդլայնվի և կստեղծի տնտեսական շոշափելի արդյունք։

 --00—ՄՀ