Ինչո՞ւ է լռել Ալեն Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

Ալեն Սիմոնյան

Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ Պետական դուման ընտրություններից հետո իր առաջին լիագումար նիստում ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնում կրկին ընտրել է Լեոնիդ Կալաշնիկովին: Վերջինս հայտնի է իր պրոադրբեջանական, այդ թվում՝ նաև սկանդալային հայտարարություններով: Օրինակ, վերջերս տված հարցազրույցներից մեկում նա խորհուրդ էր տալիս հայերին չկչկչալ, ծուղրուղու չկանչել (Пусть армяне не кукарекуют.- Գ.Ս.): Այս մասին գրել է 168.am-ը։

Զավեշտալի է այն, որ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Մոսկվա կատարած խայտառակ և անբովանդակ այցի ժամանակ, որևէ մեկը՝ սկսած Ալեն Սիմոնյանից մինչև վերջին ՔՊ-ական պատգամավորը, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ իրենց հանդիպմանը մասնակցող Լեոնիդ Կալաշնիկովի ներկայությամբ չբացեց հայերի առնչությամբ նրա կիրառած անթույլատրելի բառապաշարի թեման, չսաստեց նրան հայերի մասին խոսելիս ընտրել բառերն ու ավելի զգույշ արտահայտվել:

Այսինքն՝ անգամ Մոսկվայում դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Ալեն Սիմոնյանն ու նրա գլխավորած պատվիրակության որևէ անդամ չի համարձակվել դժգոհություն հայտնել Կալաշնիկովին՝ հայերի մասին վերջինիս ասած վիրավորական բառերի համար:

Հիշեցնենք, որ Լեոնիդ Կալաշնիկովը ՌԴ Պետդումայի պատգամավոր է դարձել Կոմունիստական կուսակցության կողմից:

  --00—ՄՀ