ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն պահում իրենց խոսքը․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

թուրք

Թուրքիայի արտաքին գործերի  նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Օրեր առաջ Սիրիայի հյուսիսային շրջաններում սպանվել էին 2 թուրք ոստիկիան, 2-ը վիրավորվել էր, ինչը թուրքական կողմը որակել էր Սիրիայի քրդական ուժերի կողմից իրականացված «ահաբեկչական հարձակում»:

Չավուշղօլուն այս թեմայի համատեքստում հայտարարել է, որ Թուրքիան անելու է ամեն անհրաժեշտ գործողություն Սիրիան (հյուսիս, հյուսիս-արևելյան շրջանները) «ահաբեկիչներից» մաքրելու համար:

Չավուշօղլուի խոսքով՝ Սիրիայում  քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն:

Այս համատեքստում նա Ռուսաստանին մեղադրել է սիրիական Թել Ռըֆաթ և Մանբիչ շրջաններից «ահաբկիչներին» հեռացնելու մասին տված խոստումը չկատարելու մեջ:

«Հաշվի առնելով այն, որ նրանք (ԱՄՆ-ն և Ռուսաստանը) չեն պահում իրենց խոսքը՝ մեզ մնում է մեր գործն ինքնուրույն գլուխ բերել»,-շեշտել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական YPG-ին համարում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ճյուղավորումը:

Հիշեցնենք, որ Սիրիայում նոր հնարավոր ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան: Նախօրեին նա, անդրադառնալով օրերս Սիրիայի  հյուսիսում թուրք ոստիկանների վրա իրականացված հարձակմանը, ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված մեր դեմ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու հարցում, դա կլինի կամ այնտեղի (Սիրիայի-խմբ) ազդեցիկ ուժերի, կամ էլ մեր սեփական միջոցներով: Մեր ոստիկանների դեմ իրականացված վերջին հարձակումները լցրել են մեր համբերության բաժակը»:

 --00—ՄՀ