ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք ունի թույլ չտալ աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Այս մասին հոկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Ըստ փոփոխության՝ 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը, իսկ եթե դա տևում է 50 օր 12 ամսվա ընթացքում, ապա գործատուն կրկին ստանում է պայմանագիրը լուծելու իրավունք:
«Այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու որպես արձակուրդ եւ չի համարվելու ստաժ»,-ասել է փոխնախարարը:
Իր հերթին արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հավելել է, որ վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ընդունված իրավական ակտով ֆեդերալ ծառայողների համար գրեթե նմանատիպ սահմանափակումներ են կիրառվել, ինչ մեզ մոտ է կիրառվելու:
--00—ԼՄ