Սասուն Խաչատրյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Խաչատրյան դեսպան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Դեսպանը շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ իտալական կողմի համար կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը: Անդրադառնալով նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններին` կողմերը քննարկել են կոռուպցիոն բնույթի գործերի քննության ոլորտում, հատկապես փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցատեսակների դեմ պայքարում իտալական առաջադեմ փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը, ինչպես նաև քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը Իտալիայի իրավապահ մարմինների օրինակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հետ համագործակցության ձևավորման և խորացման նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման աշխատանքների իրականացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերապատրաստումների ծրագրերի և փոխադարձ այցերի կազմակերպումը կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

--00--ԱԹ