«Nissan Tiida»-ն մահացու վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, ապա բախվել բետոնե էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Հոկտեմբերի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմանում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Աթոյան 8/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  Օպերատիվորեն ժամանել են Արւտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ 

Դեպքի փաստով Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Էրեբունու թաղապետարանի աշխատակիցները, ովքեր կատարում են անհրաժեշտ գործողություններ՝ վնասված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ։ 

--00—ԼՄ