Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել ՀՀ բարեփոխումների իրականացման գործընթացում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Շվեդիա

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: 

Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման և հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվենսոնն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խորացումը՝ նշելով, որ Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու Կառավարության պատրաստակամությունը և պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման և այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

--00--ԱԹ