Նույնիսկ առանձին միջադեպերի համար այս իշխանությունը հակազդեցության մեխանիզմ չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

տիգրան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երասխի ուղղությամբ տեղի է ունեցել 2 ադրբեջանական սադրանք՝ թիկունքի մեքենայի խոցում և զինծառայողի վիրավորում։

Մարտակերտի ուղղությամբ այսօր արձանագրվել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվող քաղաքացիական անձի մահվան ելքով միջադեպ. ադրբեջանցի դիպուկահարները նպատակային կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ։

Որքան հասկանում եմ, այս ընթացքում տարբեր բնույթի այլ սադրանքներ ևս եղել են, սակայն սա մահվան ելքով առաջին պատահարն էր։

Ու սա այն պարագայում, որ Արցախի Հանրապետության սահմանային հատվածներում գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են ռուս խաղաղապահների աջակցությամբ։

Այս վերջին հանգամանքն ավտոմատ կերպով այլ երանգավորում է հաղորդում տեղի ունեցած միջադեպին։

Նույնիսկ առանձին միջադեպերի կամ լոկալ գործողությունների համար այս իշխանությունը աշխատող հակազդեցության մեխանիզմ չունի։

Միայն ՌԴ գործոնն է, որը տարբեր իրադրության դեպքում զսպում կամ կանխարգելում է իրավիճակի հետագա լարումը, իսկ հայաստանյան իշխանությունների գործոնն այսպիսի գործընթացներում զրոյական է»:

--00--ԱԹ