Մակունցը Դանիել Թվինինգին և Սթիվեն Նիքսին ներկայացրեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Մակունց

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է IRI (International Republican Institute) կազմակերպության նախագահ Դանիել Թվինինգին և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից:

«Դանիել Թվինինգը վերահաստատեց կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին և բարձր գնահատեց ՀՀ Կառավարության ու Ազգային ժողովի ստանձնած հանձնառությունը դրա իրականացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձան կազմակերպության կողմից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, անվտանգային միջավայրի և համավարակի վերաբերյալ վերջերս անցկացված հարցումների արդյունքներին և հավելեցին, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել նոր հարցումներ։

Դեսպան Լիլիթ Մակունցը կարևորեց կազմակերպության գործունեությունը, որի շնորհիվ հավելյալ հնարավորություն է ընձեռվում հասցեագրելու այն խնդիրները, որոնք արտահայտվում են քաղաքացիների կողմից հարցումների արդյունքում։

Դեսպան Մակունցը ներկայացրեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը և ընդգծեց նրանում արտացոլված բարեփոխումների ոլորտները, մասնավորապես՝ դատաիրավական, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասված է հաղորդագրությունում:

--00--ԱԹ