Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եվրասիական տնտեսական համագործակցության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ընդգծել երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը:

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ առկա են խորհրդարանական համագործակցության, համատեղ աշխատանքներ ծավալելու հնարավորություններ՝ հիմնված  գործընկերային ջերմ հարաբերությունների եւ ձեւավորված ավանդույթների վրա:

Արմեն Գեւորգյանը խոսել է հանձնաժողովի առաջիկա աշխատանքների մասին: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրները: Հաջորդ շաբաթ նախատեսվում են քննարկումներ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրների, ինչպես նաեւ 2020-2025 թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ոլորտային եւ օրակարգային մի շարք հարցերի:

--00--ԱՀ