128 հատոր նյութերին ծանոթանալու համար Արմեն Գևորգյանի պաշտպանին տրամադրվեց մեկ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակական

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը և ողջամիտ ժամկետ տրամադրել ԵԴ/0253/01/19 գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում են փաստաբանական գրասենյակից։ 
 
Նշենք, որ Լուսինե Սահակյանը մեկ շաբաթ առաջ է ներգրավվել որպես Գևորգյանի պաշտպան և պետք է դեռ ծանոթանա 82 հատոր կազմող նյութերին։ Դատարանը դրա համար նրան տրամադրել է մեկ շաբաթ։ 

Այսօր նիստին պաշտպանը տեղեկացրեց, որ նյութերն առաքվել են միայն հոկտեմբերի 1-ին, և նյութերին ծանոթանալու համար նա ունեցել է ընդամենը աշխատանաքային երկու օր։ Նշենք, որ դատարանում ընթացող քննության ընթացքում հատորների թիվը հասել է 128-ի։ 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ 82 հատորին ծանոթանալու համար ժամանակին փաստաբանական թիմին տրամադրվել էր 50 օր։  
 
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց, նշելով, որ կարիք չկա ծանոթանալու նյութերի ամբողջ ծավալին․ բավական է կարդալ միայն մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։    
  
Դատավոր Աննա Դանիբեկյանը համարեց, որ մեկ շաբաթը բավարար է նյութերի ողջ ծավալին ծանոթանալու համար և նիստը հետաձգեց մեկ շաբաթով։ Դատավորն ավելացրեց, որ լրացուցիչ ժամանակ այդ նպատակով չի տրամադրվելու։  
 
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 13։00-ին։

--00--ԿԿ