ՔՊ-ականները տապալել են ընդդիմադիրների՝ Սյունիքի հարցով նիստ անցկացնելու նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

Հայաստան դաշինք

Այսօր ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամների Սյունիքի մարզում, մասնավորապես միջպետական Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն եւ բացատրություն ստանալու նպատակով նախաձեռնած արտահերթ նիստը ԱԱԾ պետի, Պաշտպանության նախարարի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ ՊԵԿ նախագահի մասնակցությամբ, չի կայացել. իշխանական պատգամավորները տապալել են այն չներկայանալով նիստին։ Այս մասին հայտնում է  «Հայաստան» դաշինքը։

Ավելին, «ՀՀ Ազգային ժողովի  կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, հանձնաժողովի անդամների մեկ քառորդի պահանջով գումարվելիք նիստի մեկնարկից մինչեւ կես ժամ անց հանձնաժողովի նախագահից նախաձեռնության հեղինակ պատգամավորները գրություն են ստացել, որով արհեստականորեն եւ չհիմնավորված խոչընդոտվել է հանձնաժողովի նիստի կայացումը։

Եվս մեկ անգամ այս ամենով փաստվում է, որ քաղաքական մեծամասնությունը խուսափում է երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու եւ հաշվետու լինելուց։ Նույն կերպ ԱԺ ղեկավարությունը խուսափեց ԱԺ նիստում ցանկացած ձեւաչափով նույն հարցը քննարկելու ընդդիմության նախաձեռնությունն իրականացնելուց։

--00--ԱՀ