15 ջրամբար, 500կմ ճանապարհ, թոշակների, նպաստների ավելացում. Թունյանը՝ 2022-ի բյուջեի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Տնտեսական

2022 թվականի պետական բյուջեի նախագծով հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դրանցից առավել հատկանշական են՝

-ջրամբարաշինության նոր ծրագրերի իրականացումը: Արդյունքում՝ ունենալու ենք ջրային ռեսուրսների լրացուցիչ պաշար և ջրային հոսքերի կառավարման արդյունավետ համակարգ։

Տարվա ընթացքում նախագծվելու է 15 նոր ջրամբար և սկսվելու է դրանց կառուցումը,

-միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի նորոգման, հիմնանորոգման և որակի շարունակական բարձրացման աշխատանքները, որոնց արդյունքում կունենանք շուրջ 500 կմ վերանորոգված ճանապարհ, որից 420 կմ հիմնանորոգում և 80 կմ միջին նորոգում,

-ծնելիությունը խթանելու նպատակով ամսական 50 հազ․ դրամի չափով դրամական աջակցության սահմանումը, որը 2022 թվականի հունվարի 1-ից հետո կնշանակվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ և կշարունակվի վճարվել մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը,

-նվազագույն կենսաթոշակի և սոցիալական նպաստների ավելացումները, որոնց արդյունքում նախատեսվում է բարձրացնել ավելի քան 12200 աշխատանքային կենսաթոշակառուների, շուրջ 5200 զինվորական կենսաթոշակառուների կենսաթոշակների և 74720 նպաստառուների նպաստների չափերը՝ ապահովելով ծայրահեղ աղքատության գծից բարձր մակարդակ, իսկ շուրջ 8000 հաշմանդամ երեխաների դեպքում՝ էականորեն կբարձրանա նրանց ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության չափը,

-գիտության պետական ֆինանսավորման զգալի ավելացումը, որն ուղղվելու է ինչպես գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, այնպես էլ գիտական ենթակառուցվածքների զարգացմանը,

-դպրոցներում և մարզադահլիճներում շինարարական և նախագծման աշխատանքների իրականացումը, այդ թվում փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման համար,

-թվով 10 նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում շինարարական և նախագծման աշխատանքների իրականացումը,

-մանկապարտեզներում շինարարական աշխատանքների իրականացումը, այդ թվում մոդուլային տիպի մանկապարտեզների համար,

-մարզային առողջապահական կազմակերպությունների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման աշխատանքները,

-թվով 5 մարզադպրոցներում շինարարական աշխատանքների իրականացումը,

-հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների շրջանակներում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների շենքերի կառուցման աշխատանքները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքները.

-պարեկային ծառայության հաջորդիվ ներդրումը ՀՀ ամբողջ տարածքում՝ պահպանելով կադրերի ընտրության ու կրթության բարեփոխված կարգն ու մոտեցումները:

--0--ԿԿ