Քաղաքացին Հարևանի տնից փող էր գողացել. տանտերը փորձել էր իր ուժերով գտնել գողին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Սեպտեմբերի 23-ի գիշերը Արարատի մարզի Հայանիստ գյուղի մի տնից գողություն էին արել։ Տանտերը ոստիկանություն չէր դիմել. փորձել էր իր ուժերով գտնել գողին: Բայց՝ ապարդյուն։

Ոստիկանությունից հայտնում են, որ բնակարանային գողությունը բացահայտվեց ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ։

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Հայանիստ գյուղի 59-ամյա մի բնակիչ գյուղի տներից մեկից գողություն է արել։ Նա բերման ենթարկվեց բաժին։ Պարզվեց՝ նախորդ օրը, ժամը 1.30-ի սահմաններում, օգտվելով հարևանի տան դուռը բաց լինելու հանգամանքից, փող էր գողացել։

59-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է։

--0--ԿԿ