Բնակարանի գնման վկայականներ են հանձնվել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած 12 ընտանիքների

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

բնակարան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր բնակարանի գնման վկայականներ է հանձնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքների:

Ծրագիրն իրականացվում է 2019 թվականին Կառավարության կողմից ընդունված N 1666-Ն որոշման հիման վրա: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ հատկացվել է ծրագրի երրորդ փուլի իրականացման համար՝ Շենգավիթ վարչական շրջանի՝ Ադրբեջանից բռնագաղթած կարիքավոր ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու նպատակով։ Այս քայլով կլուծվի Շենգավիթում բնակվող շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին կհասցվի Երևան քաղաքում ծրագրի իրականացումը:

161 հավակնորդ շահառուներից Միգրացիոն ծառայությունը ստացել է 115 դիմում։

Ծրագրի առաջին փուլն ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա- Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդրին։ Ծրագրի երկրորդ փուլով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։

Ծրագրի երեք փուլերի շրջանակներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 453 հավակնորդ շահառու: Միգրացիոն ծառայություն ներկայացված դիմումների թիվը կազմել է 361, տրամադրված ԲԳՎ-ների թիվը՝ 241:

Բացասական եզրակացություն է տրվել 63 ընտանիքների ներկայացրած գործերի մասով: Բնակարան գտած և գնման գործընթացի համար դիմած ընտանիքների թիվն այս պահին կազմում է 155, այդ թվում կնքված պայմանագրերը 140- ն են: ԲԳՎ-ների միջոցով տրամադրված գումարի չափը բոլոր երեք փուլերի արդյունքներով ներկայում կազմում է ավելի քան 3.3 մլրդ դրամ:

--00--ԱԹ