Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին. Վանեցյանը`Մեծ Բրիտանիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Վանեցյան Գալագեր

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և քարտուղար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին՝ Արթուր Վանեցյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց, ինչը վերջինս պարտավորվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Նա խոսել է նաեւ այդ երկրում պահվող գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաեւ ընթացող կեղծ դատավարական գործընթացների մասին: Խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը:

Նա անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները: Ջոն Գալագերն իր հերթին կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դեսպանը կարևորել է ԱԺ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների հետ իրենց փոխշահավետ աշխատանքը:

Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացի բացթողումներին, նշել, որ իրենց խմբակցությունն օգտագործելու է խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը: Խմբակցության քարտուղարը մանրամասնել է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում իրենց ուղենիշները: Նա խոսել է ընդդիմադիր պատգամավորների դեմ հարուցված քրեական գործերի մասին: Անդրադարձ է կատարվել օրենսդրական աշխատանքում ընդդիմություն-իշխանություն հնարավոր համագործակցության օրակարգին:

--00--ԱԹ