Երևանում տղամարդը խոհանոցային դանակով սպանել է հարևանին․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ю

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կեսգիշերն անց, Սիսակյան փողոցի բնակչուհիներից մեկը 1-02 էր զանգել ու հայտնել, որ ամուսինն առավոտյան հարբած վիճել էր հարևանի հետ, տնից դուրս եկել և չէր վերադարձել:

Ահազանգը ստանալուց րոպեներ անց օպերատիվ խումբը նշված հասցեում էր: Քրեական հետախույզներն արագ պարզեցին` վեճը երբ և ում հետ էր եղել: Կատարվածի մասին ավելի մանրամասն փորձեցին ճշտել հարևանից, բայց նրա բնակարանի դուռը փակ էր:

Ներսից ձայն լսելով` ոստիկանները զանգեցին անհետացած տղամարդու բջջային հեռախոսին: Բնակարանից լսվեց զանգի ձայնը: Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ դուռը բացելով` իրավապահները բնակարանում հայտնաբերեցին անհետացած 56-ամյա տղամարդու դին՝ պարանոցի ծակած-կտրած-վերքով: Տանն էր նաև նրա հետ վեճի բռնված հարևանը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 56-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով սպանել էր 55-ամյա հարևանը:

Կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

56-ամյա տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:

Դանակն առգրավվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

--00--ԱՀ