Կարող ենք ոտքի կանգնել, եթե գիտակցենք, որ մեր պատերազմը դեռ նոր է սկսվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հասարակական

Կար ժամանակ, երբ չունենալով անկախություն, ունեինք սեփական մշակույթ, ազգային երազանք, ամուր ինքնություն, իսկ անվտանգության վերաբերյալ՝ խորքային պատկերացումներ, որի հավաքական արդյունքը եղավ ազատագրված Արցախը: Այնուհետև անկախության գրեթե ողջ ժամանակահատվածում, գերակայությունը տալով «տնտեսական մարդուն», շարունակաբար մերժեցինք բոլորը, որի հետևանքով ունեցանք մեծամասամբ հանձնված (օկուպացված) Արցախ և անվտանգային աննախադեպ սպառնալիքներ։ 
Մենք չըմբռնեցինք ժամանակի ոգին, չկարողացանք ընկալել երևույթներն իսկության մեջ։ Անկախ Հայաստանում պետական ինստիտուտները գործում էին մարման գնացող «Խորհրդային իներցիայով», իսկ մերժված ինքնության ու ոգեղենության սնուցման միակ աղբյուրն արցախյան հաղթանակն էր։ 

Աշխարհը շարունակաբար փոխվեց իր ձևի և բովանդակության մեջ, որին զուգահեռ մենք ոչ միայն չկերպափոխվեցինք համարժեք, այլ վատնեցինք արցախյան հաղթանակի ռազմավարական կապիտալը։ Ուժային քաղաքականության ժամանակաշրջանում, անկարող լինելով առերեսվել իրականությանը, չլինելով մրցունակ, չհամապատասխանելով արդի աշխարհակարգի ոգուն և հետևաբար լինելով անօգնական, ինքներս մեզ ընկալեցինք, որպես խաղաղասեր։ Սրա հետևանքով հետևողականորեն արտաքին թշնամիներին փոխարինեցինք ներքինով, իսկ թվացյալ խաղաղության համար այսօր կարծես պատրաստ ենք զիջել ոչ միայն Արցախը, այլև հրաժարվել սեփական ինքնությունից, չգիտակցելով, որ խաղաղության չհիմնավորված և կեղծ օրակարգը, ոչ թե լուծում է, այլ դատավճիռ ողջ հայության համար։

Արցախյան 2-րդ պատերազմից անցել է 1 տարի։ Փոխված իրականության պայմաններում (Արցախի մեծամասնության կորուստ, տապալված պետություն, անվտանգային գոյաբանական մարտահրավերներ, ինքնության ճգնաժամ, ապագայի տեսլականի իսպառ բացակայություն) ինքնապաշտպանական բնազդի տոտալ տապալման հետևանքով, ցավոք, նույնիսկ այսօր չի փոխվել մեր գիտակցությունը, վարքը, առաջնահերթություններն ու ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները։ Մենք կանգ ենք առել ժամանակի և տարածության մեջ, որի հետևանքները անպայման լինելու են շատ ավելի աղետալի և անդառնալի։ 

Մենք կարող ենք ոտքի կանգնել, երբ ունենանք քաջություն առերեսվելու ինչպես իրականությանը, այնպես էլ ինքներս մեզ, եթե գիտակցենք, որ մեր պատերազմը դեռ նոր է սկսվում, եթե ունենանք ազգային երազանք և գեներացնենք գաղափարների կուռ համակարգ, որը կիրականացնենք ազգային պետության շրջանակներում։ 
Չպետք է մոռանալ, որ բոլոր ժամանակների հզորագույն զենքը եղել և շարունակում է մնալ ԱԶԳԱՅԻՆ ՈԳԻՆ։

--0--ԿԿ