Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Ամարասի վանքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակական

Ամարասի վանքի վրա երեկվանից ծածանվում է Արցախի Հանրապետության պետական դրոշը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Դրոշի հանելը շատ աննորմալ երևույթ էր։ Ուղղակի Ադրբեջանն էր նման պահանջ առաջադրել, ռուսական կողմն էլ փոխանցել էր, որ լավ կլինի հանեք կամ Հայաստանի դրոշը դնեք։ Դրանից հետո առանց քննարկման Արցախի իշխանությունները կատարել էին Ադրբեջանի պահանջը»,-նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունները տեղի ունեցածը հանրությանը ներկայացրել են որպես ռուսական կողմի հրահանգ, սակայն խաղաղապահները նման հրաման չեն տվել։

«Առհասարակ խաղաղապահներն իրենց գործառույթներից դուրս հրամաններ չեն տալիս։ Միշտ իշխանություններն ասում են՝ ռուսական կողմն է հրամայել ու դրանով կատարում են Ադրբեջանի օրակարգն ու նսեմացնում խաղաղապահներին»,-ամփոփելով խոսքն ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ադրբեջանցիները GPS-ով հասել էին Ամարասի վանքի մոտ և իրենց դրոշները դրել. ռուս խաղաղապահները նրանց շատ կոշտ կերպով հետ էին ուղարկել ելման դիրքեր։

--00--ԿԿ