Օձունի համայնքապետին մարզպետարանում ծեծի ենթարկելու գործով վարույթը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

Օձուն

Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Որպես հիմք մատնանշվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համաձայն որի՝ գործով վարույթը կասեցվում է, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։ Այլ խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ շուրջ 3 ամիս տևած նախաքննության ընթացքում սպառել է նոր ապացույցներ ձեռքբերելու բոլոր միջոցները և չի հաջողվել հավաքել բավարար ապացույցներ՝ ծեծին ենթադրաբար առնչություն ունեցող մարզպետարանի աշխատակիցներին որպես մեղադրյալ ներգրավելու համար։ 

Արսեն Տիտանյանի փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախաքննության ընթացքում Տիտանյանը մանրամասն ցուցմունք է տվել՝ նշելով իրեն ծեծի ենթարկած անձանց անունները։ Իր ցուցմունքում նա մատնանշել է Լոռու մարզպետի, ինչպես նաև նրա անմիջական ենթակաների անունները, որոնք հարցաքննության ընթացքում հերքել են իրենց առնչությունը, նշել՝ ոչնչից տեղյակ չեն և, թեև առկա են եղել էական հակասություններ տուժողի ու մարզպետարանի աշխատակիցների ցուցմունքների միջեւ, սակայն քննիչն առերես հարցաքննություն չի իրականացրել։ Ամենայն հավանականությամբ քննիչը հարցաքննել է մարզպետի ենթականերին վկայի կարգավիճակով, սակայն՝ կասկածանքի շուրջ, ուստի, վերջիններս օգտվել են ցուցմունք չտալու իրենց իրավունքից և հրաժարվել առերես հարցաքննությունից։

Փաստաբանի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում քննիչն առգրավել է նաև տարածքում տեղադրված տեսախցիկները, որոնցում կոշտ սկավառակներ չեն եղել, տեսախցիկները միջադեպի վերաբերյալ ոչինչ չեն արձանագրել։

Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչը որոշում է կայացրել՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը հանձնարարություն է տրվել՝ անձանց շրջանակը պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել։ Շխիմյանը պարզաբանեց՝ քննիչի կողմից վերջնական որոշում դեռևս չի կայացվել՝ քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ, պարզապես կասեցրել է վարույթը և հանձնարարություն է տվել՝ ծեծին մասնակից ենթադրյալ անձանց շրջանակը պարզելու համար։

Այդուհանդերձ, տուժող կողմը կքննարկի նաև գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վիճարկելու հարցը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել է, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին կանչել է մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

Տիտանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Արսեն Տիտանյանը ճանաչվել է որպես տուժող։

 --00—ՄՀ

Տեսանյութեր