Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

Բայդեն Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունը Ավստրալիայի կողմից ֆրանսիական կողմի հետ ունեցած ռազմական համաձայնագրի խզումից և Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունից հետո ստեղծված նոր իրադրության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը:

«Տեղի է ունեցել երկու նախագահների հեռախոսազրույցը: Առաջիկայում կհրապարակվի համատեղ ֆրանս-ամերիկյան հայտարարությունը»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից:

Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:

--00--ԱԹ