Իրանի և Հայաստանի նոր կառավարությունների մեկնարկի համընկումը բարեբախտություն է․ Ռայիսի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ռայիսի

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է.

«ՀՀ վարչապետ, Ն.Գ. պարոն Նիկոլ Փաշինյան, անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: 

Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղիով և զարգացել քանակական և որակական առումներով: Այնուամենայնիվ, ի լրումն տարածաշրջանային և համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժն առավել մեծ կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և անհրաժեշտություն է հաղորդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցության նոր ոլորտների հայտնաբերմանը և երկու երկրների կառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում:

Ես Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկումը համարում եմ բարեբախտություն և գտնում, որ կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ և երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ:

Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:

--00—ԼՄ