Իրանական կողմին մտահոգում է Իրանը ՀՀ-ին կապող ենթակառուցվածքների օգտագործման խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Քաղաքական

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերը ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին:

Դեսպան Զոհուրին նկատել է, որ հայ-իրանական հարաբերությունները համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվել է առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ:

Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը:

Անդրադառնալով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:

--00--ԿԿ

Տեսանյութեր