Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները և պատերազմից հետո արձանագրված դեպքերը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար խնդիրներին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային իրազեկվածության բարձրացման վերաբերյալ։
Այնուհետև Պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանի ուղեկցությամբ L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտում գործող «Լոտոս» հյուրանոց և հանդիպել Արցախի օկուպացված համայնքներից տեղահանված ընտանիքներին։

Կազմակերպության ներկայացուցիչները լսել են տեղահանված անձանց պատմությունները, ծանոթացել նրանց կեցության պայմաններին և խնդիրներին՝ հանձնառություն ստանձնելով իրենց իրավասությունների շրջանակներում ձեռնարկելու գործողություններ արցախցիներին աջակցելու ուղղությամբ։

--00--ԿԿ