Մակունցը կարևորել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Քաղաքական

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի House Democracy Partnership հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց կոնգրեսականին` ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված ջանքերի համար:

Դեսպանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և այդ առումով կարևորեց Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցները կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:

--00--ԿԿ