Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Քաղաքական

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Լիլիթ Մակունցն արդեն քայլեր է ձեռնարկում հայ-ամերիկյան կապերին նոր խթան հաղորդելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է  Al Arabiya-ն, որը հարցազրույց է պատրաստել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին կին դեսպանի հետ:

«Մենք պատերազմից հետո դեռ վերականգնման փուլում ենք՝ ինչպես մտավոր, այնպես էլ տնտեսապես»,- նշել է 37-ամյա դեսպանը:

Խոսելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և հայ-ադրբեջանական խնդիրը լուծելու մասին՝ Մակունցը նշել է, որ դրա լավագույն ճանապարհը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

«1994 թվականին, երբ մենք հաղթեցինք [Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում], մենք հետ վերադարձրինք բոլոր ռազմագերիներին: Տարօրինակ է, որ նրանք (խմբ.- Ադրբեջանը) շարունակում են պահել հայ ռազմագերիներին»,- նշել է Մակունցը:

Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով շատ հայեր տեղահանվել են, և այժմ Հայաստանի կառավարությունը օրենքներ է մշակում՝ ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով:

«Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ: Պատերազմից հետո մենք որոշեցինք, որ պետք է մեծացնենք դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում:

Մեր միակ ցանկությունը խաղաղությունն է: Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա և չենք ծրագրում նման բան»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը:

--00--ԿԿ

Տեսանյութեր